ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցների մեջ ներառվող անձանց ցանկը պատրաստ է։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք Վրաստանի հարցը կքննարկենք ժողովրդավարությունից նահանջելու պատճառով։ Բոլոր տարբերակները սեղանին են, այդ թվում՝ պարզեցված վիզային ռեժիմի կասեցումը և այլ միջոցառումներ։ Մենք իսկապես անձանց ցանկ ենք պատրաստել պատժամիջոցներ կիրառելու համար, և այդ ցանկում երկու դատավոր կա», - ասել է նա Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
Հիշեցնենք` Արևմուտքի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարացան 2024 թվականի գարնանը՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները
Օրերս Մեծ Բրիտանիայի և ԵՄ 16 երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն տարածեցին, որում մտահոգություն էին հայտնում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Վրաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` ընդդիմադիր քաղաքական գործիչների և ցուցարարների ձերբակալություններն անվանելով «Վրաստանի վերափոխում ավտորիտար համակարգի»։
Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ փաստաթուղթն ապատեղեկատվություն է պարունակում։ Միևնույն ժամանակ Կոբախիձեն ավելի ուշ հույս հայտնեց, որ երկրի և եվրոպական կառույցների միջև հարաբերություններն ամեն դեպքում կբարելավվեն։