ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Անգլիայի արևմտյան և կենտրոնական-արևելյան շրջաններում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ռեկորդային քիչ տեղումների պատճառով երաշտ է հայտարարվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Շրջակա միջավայրի պահպանության բրիտանական գործակալությանը։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ 2025 թվականի գարունն Անգլիայում վերջին 132 տարվա կտրվածքով ամենաչորն է եղել: Անգլիայի հարավային մի շարք շրջանների ջրամբարներում ջրի մակարդակի նվազման պատճառով հուլիսի 22-ից համապատասխան արգելք է սահմանվել։
«Եվս մի շարք շրջաններում՝ Լինքոլնշիրում, Նորթհեմփթոնշիրում, Արևելյան Անգլիայում և Թեմզայի շրջանում գրանցվել է երկարատև չոր եղանակ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հունիսին Անգլիայում տեղումների քանակն ամսական նորմայից 20%-ով ցածր է եղել։ Բացի այդ, Անգլիայում անցկացված դիտարկումների պատմության ընթացքում հունիսն ամենաշոգն է եղել, ինչի պատճառով աճել է ջրի սպառումը։