Իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով 2 ամսով կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պաշտպանների միջոցով հայտարարել է սկզբունքորեն նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ «Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։
Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։ Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից»,-հայտարարել է Սամվել Կարապետյանը։
«Գործարար Սամվել Կարապետյանը կարող է նոր իրավիճակ ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: