ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ավստրալիան սկսել է երկրի պատմության մեջ խոշորագույն միջազգային Talisman Sabre 2025 զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 35 հազար զինծառայող 19 երկրից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ավստրալիայի պաշտպանության նախարարությանը։
Talisman Sabre զորավարժությունները բազմազգ զորավարժություններ են Ավստրալիայի և ԱՄՆ-ի գլխավորությամբ: Դրանք տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ և ներառում են երկու պետությունների ռազմական ուժերի համատեղ զորավարժություններ։ Talisman Sabre 2025-ը սկսվել է հուլիսի 13-ին՝ «Ադելաիդա» ռազմածովային ավիակրի բացման արարողությամբ։
«Talisman saber 2025 համատեղ զորավարժությունները միավորել են 35 հազար զինծառայողների 19 երկրներից և ծովում, ցամաքում, օդում, տիեզերքում և կիբեռտարածությունում համատեղ զորավարժությունների բացառիկ հնարավորություն են հանդիսանում»,-հայտնել է համատեղ գործողությունների ղեկավար, փոխծովակալ Ջասթին Ջոնսը։
Բացի ԱՄՆ զինվորականներից, զորավարժություններին մասնակցում են նաև Կանադայի, Ֆիջիի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Ֆիլիպինների, Նորվեգիայի, Պապուա Նոր Գվինեայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Թաիլանդի, Տոնգայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները:
Ինչպես նշում է Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը, երեք շաբաթվա ընթացքում Ավստրալիայի և գործընկեր երկրների զինծառայողները վարժանքներ կանցկացնեն Քուինսլենդ, Նոր Հարավային Ուելս, Արևմտյան Ավստրալիա նահանգներում, ինչպես նաև Հյուսիսային տարածքում և Սուրբ Ծննդյան կղզում: Talisman Sabre 2025-ը կներառի մարտական հրաձգություն և դաշտային վարժանքներ, զորքերի նախապատրաստման միջոցառումներ, ծովային դեսանտի իջեցումներ, ցամաքային զորքերի զորավարժություններ, ինչպես նաև օդային մարտեր և ծովային գործողություններ: