ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Շաքարավազի համաշխարհային գինը կարող է բարձրանալ. նյույորքյան ֆյուչերսները հուլիսի 11-ին աճել են գրեթե 2%-ով։ Այս մասին ասվում է NASDAQ-ի հրապարակած ամփոփագրում։
Ֆյուչերսները բարձրացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից և ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սպասումներից հետո: Դրա հետևանքով հուլիսի 11-ին 2 տոկոսով բարձրացել են նաև նավթի համաշխարհային գները։ Նավթի և շաքարի գները փոխկապակցված են, քանի որ նավթի բարձր գնի դեպքում շաքարեղեգի վերամշակումն ավելի շատ իրականացվում է կենսավառելիք ստանալու համար (համապատասխանաբար կրճատվում է շաքարի արտադրությունը)։
Նշենք, որ հունիսի վերջին շաքարի համաշխարհային գները նվազել էին՝ վերջին 4 տարվա ընթացքում հասնելով նվազագույն ցուցանիշի (ICE միջմայրցամաքային բորսայում գնանշումները կազմել էին տոննայի դիմաց մոտ 355 դոլար, իսկ հուլիսի 11-ին բարձրացել են մինչև գրեթե 360 դոլար): Գները նվազել էին շուկայում ավելցուկի ակնկալիքների ֆոնին՝ Բրազիլիայում, Հնդկաստանում և Թաիլանդում (աշխարհի երեք խոշորագույն շաքար արտադրող երկրներ) շաքարեղեգի լավ բերքի պատճառով, ընդ որում` Հնդկաստանում՝ 25%-ով՝ առատ մուսոնային անձրևների շնորհիվ: