Գետազատ գյուղում՝ առվակից ոչ հեռու, երեխա է կորել․ ՆԳՆ

Ըստ տեղեկությունների՝ կորած երեխան 4 տարեկան աղջիկ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Այսօր Արարատի մարզի Գետազատ գյուղում երեխա է կորել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 13։20-ի սահմաններում տեղեկություն է ստացել, որ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում, որի մոտակայքում նաև առվակ կա, երեխա է կորել։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ»,- տեղեկացրեց Սարգսյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ որոնվող երեխան 4 տարեկան աղջիկ է։ Ընտանիքն Արմավիրի մարզից է։ Նշվում է, որ հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրն արդեն իջեցվել է, սակայն երեխան այդտեղ չի հայտնաբերվել։ Այս պահին փորձում են դադարեցնել նաև մոտակայքում գտնվող ջրանցքի ջրի հոսքը։