ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի մայիսին Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած իրանցի այլախոհ ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Պարզ պատահականություն» ֆիլմով:
«Արդեն ավելի քան երկու տասնամյակ «Ոսկե ծիրանը» շարունակում է մնալ տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգայնորեն ճանաչված կինոփառատոնը: Փանահիի պատմությունն ընդգծում է փառատոնի յուրահատուկ առաքելությունը՝ աջակցել ազատ արվեստին և համաշխարհային մշակութային երկխոսությանը», - նշված է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Իրանական կինոյի նշանավոր դեմքերից մեկն անցյալ տարի, 15 տարվա արգելքից հետո, առաջին անգամ որպես պատվավոր հյուր մասնակցեց «Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային փառատոնին: Համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար Փանահին պարգևատրվել է Փարաջանովի անվան «Թալեր» մրցանակով:
«Պարզ պատահականություն» ֆիլմը բանտարկությունից հետո առաջին ֆիլմն է, որը նրան հաջողվել է անձամբ ներկայացնել Կաննում: Այս տարվա մայիսին Կաննի 78-րդ կինոփառատոնում իրանցի ռեժիսորի աշխատանքն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները Փանահիին երկու անգամ՝ 2010 և 2022 թվականներին դատապարտել են ազատազրկման: Առաջին անգամ նա մեղադրվել է իշխանության հակաքարոզչության մեջ, սակայն անազատության մեջ անցկացրել է ընդամենը 2 ամիս։ Այնուհետև նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի և ֆիլմ նկարահանելու, սցենարներ գրելու, հարցազրույցներ անելու լիակատար արգելքի։ Երկրորդ անգամ նա ձերբակալվել է 2022 թվականին, քանի որ հանդես է եկել իրանցի կինոգործիչների նկատմամբ բռնաճնշումների դեմ։ Դատարանը 6 տարի ազատազրկման դատավճիռ է կայացրել, սակայն բանտում Փանահին անցկացրել է 7 ամիս։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել և 2023 թվականի փետրվարին ազատ է արձակվել։
Հավելենք, որ այս տարի կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 13-20-ը: Կինոցուցադրությունները կանցկացվեն «Մոսկվա» կինոթատրոնում և Կինոյի տանը: