Թուրքական ամսագրի գլխավոր խմբագիրը կալանավորվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի համար

Leman-ի խմբագրակազմը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ նկարազարդման մեջ պատկերված Մուհամեդ անունով մարդը կապ չունի Մուհամեդ մարգարեի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Թուրքական Leman երգիծական ամսագրի գլխավոր խմբագիր Ասլան Օզդեմիրը Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալիս կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Կալանքը կապված է ամսագրում ծաղրանկարի հրապարակման հետ, որը շատերն ընդունել են որպես Մուհամեդ մարգարեի ծաղրապատկեր: Հունիսի վերջին Թուրքիայում հետաքննություն էր սկսվել Leman-ի խմբագրության դեմ, իսկ հուլիսի սկզբին ձերբակալվել էր պարբերականի չորս աշխատակից։ Ամսագրի խմբագրատան մոտ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, որոշ դեպքերում՝ անկարգություններով։ Սոցցանցերում հրապարակումը վրդովմունքի ալիք էր բարձրացրել հավատացյալների շրջանում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծաղրանկարը անվանել է «զզվելի սադրանք» և «ատելության հողի վրա հանցագործություն»՝ ընդգծելով, որ հրապարակման հեղինակները պատասխանատվություն կկրեն «մարգարեի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար:
Leman-ի խմբագրակազմը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ նկարազարդման մեջ պատկերված Մուհամեդ անունով մարդը կապ չունի Մուհամեդ մարգարեի հետ: