ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Թեհրանը հավատարիմ է եղել և մնում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Այս մասին իրանա-իսրայելական հակամարտության՝ վերջերս ավարտված բաց փուլի ֆոնին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի միջուկային ծրագիրն ինչպես եղել է, այնպես էլ կմնա խաղաղ։ Մենք հանդիսանում ենք և կհանդիսանանք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթներին հավատարիմ անդամ»,-հայտարարել է նախարարը Իրանի ԱԳՆ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում:
Նա նաև նշել է, որ Թեհրանը չի դադարեցրել համագործակցությունը ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, սակայն, պայմանավորված տեղի ունեցած իրադարձություններով, այդ գործակցությունը կձևափոխվի:
Արաղչին ընդգծել է, որ համաձայն երկրի խորհրդարանի ընդունած օրինագծի՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հետագա բոլոր համագործակցությունը կկարգավորվի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր էր ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու և գործակալության աշխատակիցների մուտքը երկիր արգելելու մասին, քանի որ նախորդիվ Թեհրանն իր օբյեկտների մասին տեղեկություններ էր տեսել հետախուզության՝ Իսրայելից ստացած փաստաթղթերում: