ԱԳՆ-ն տվյալներ չունի Քեսաբի հրդեհներից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին

Առավոտվանից տեղեկություն է տարածվել, որ Լաթաքիայի անտառային հրդեհները մոտեցել են հայաբնակ Քեսաբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Քեսաբ քաղաքի շրջանում լայնածավալ անտառային հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների մասին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այս պահին տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկություններ չկան», - հստակեցրել է նա՝ ի պատասխան հարցման, որը վերաբերում է աղետի գոտում հայ քաղաքացիների կամ ծագումով հայ անձանց հնարավոր ներկայությանը:
Սիրիայում բռնկված անտառային հրդեհներն ընդգրկել են ավելի քան 14 հազար հեկտար տարածք՝ մոտենալով Լաթաքիա նահանգի հայաբնակ բնակավայրերին, այդ թվում՝ Քեսաբի շրջանին: Հրդեհը տարածվում է Կաստալ-Մաաֆ շրջանում և Ալ Ֆրունլոկ բնական արգելոցում։ Տարերքի դեմ պայքարի են ուղարկվել հրշեջներ եւ կամավորներ երկրի տարբեր նահանգներից։
Իրավիճակը բարդանում է բարձր ջերմաստիճանի, ուժեղ քամու, ինչպես նաև զինված հակամարտության ժամանակներից չպայթած ականների առկայությամբ: