«Փյունիկը» զիջեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»

Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» հետ արտագնա խաղում «Փյունիկը» միանշանակ ֆավորիտ էր համարվում։ Բայց ինչպես հայտնի է՝ նման թիմերի հետ խաղերում շատ դժվար է լինում ճեղքել զանգվածային պաշտպանությունը։ Այսինքն ֆավորիտ լինելը քիչ է, պետք էր հաղթել խաղադաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» երեկ երեկոյան մրցակցի հարկի տակ 0։1 հաշվով պարտություն կրեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորի» թիմից։
Խաղի սկզբից, ինչպես և սպասվում էր «Փյունիկը», խաղային և տարածքային առավելություն ուներ։ Սակայն գոլային պահեր ստեղծելով՝ մեր թիմի ֆուտբոլիստները եզրափակիչ հարվածը կամ ուղղում էին դարպասապահի վրա, կամ դարպասաձողին։ Դրան գումարած՝ առաջին խաղակեսում դաշտի տերերը եզակի հակագրոհներից մեկը կարող էին իրենց օգտին գրանցել, բայց վստահ խաղաց դարպասապահ Հենրի Ավագյանը։
Երկրորդ խաղակեսում տեմպը շատ ցածր էր։ «Փյունիկին» պակասում էր արագությունը, իսկ մրցակիցն էլ կարողանում էր ժամանակին ամբողջ թիմով նահանջել ու պաշտպանվել։ Բայց միաժամանակ դաշտի տերերը չէին մոռանով գրոհելու մասին, և եզակի գրոհներից մեկը ավարտվեց մեր թիմի դարպասի գրավումով։ Հանդիպման 63-րդ րոպեից «Փյունիկը» հայտնվեց հետապնդողի դերում։ Եղիշե Մելիքյանը դիմեց փոփոխությունների օգնությանը, բայց խաղի ընթացքը փոխել չհաջողվեց։ Գնդակը համառորեն չէր ուզում հայտնվել «Տրե Ֆիորիի» դարպասում։
Չէինք կասկածում, որ «Փյունիկը» կհաղթի, բայց մեր թիմը պարտվեց։ Պատասխան խաղում, մեկ շաբաթ անց, Եղիշե Մելիքյանի թիմը ունի սխալները ուղղելու հնարավորություն։