ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Իրաքը հաստատել է Թուրքմենստանից բնական գազի գնման պայմանագիրը, որը նախատեսում է փոխհատուցել Իրանից վառելիքի մատակարարումների կրճատումը։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է երկրի էլեկտրաէներգետիկայի նախարարությունը։
Նախարարության ներկայացուցիչ Ահմեդ Մուսայի խոսքով՝ նախարարությունն ավարտել է մատակարարումների մեկնարկի համար անհրաժեշտ բոլոր վարչական, տեխնիկական և լոգիստիկ ընթացակարգերը։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել կառավարության հաստատումից հետո։ Թուրքմենական գազը նախատեսված է իրանական ներմուծման կրճատման հետևանքով առաջացած էներգետիկ պակասուրդը մասամբ լրացնելու համար։
Մուսան պարզաբանել է, որ նախարարությունն այժմ սպասում է Իրաքի առևտրային բանկում գործողությունների ավարտին, այդ թվում՝ վարկային գծի բացմանը և մատակարարումների վճարման համար անհրաժեշտ գումարի փոխանցմանը։ Նրա տվյալներով՝ ներմուծման ծավալը կկազմի օրական մինչև 15 մլն խորանարդ մետր, ինչը թույլ կտա ավելի քան 2 հազար մեգավատ էլեկտրաէներգիա արտադրել։
Ավելի վաղ ԱՄՆ-ն բազմիցս մերժել է Իրաքին երկարացնել էլեկտրաէներգիայի ներմուծման թույլտվությունը Իրանից, որը ԱՄՆ պատժամիջոցների ներքո է: Բաղդադը հայտարարել էր, որ այս պահին երկիրը իրական այլընտրանք չունի իրանական գազին, որից մեծապես կախված է տեղական էլեկտրակայանների աշխատանքը: