Անհուսալի վարկառուներից ստացվել է 14 757 դիմում, հաստատվել` 4 400–ը. Արմեն Մարգարյան

Sputnik
Անցած տարեվերջին կառավարությունը հաստատեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը։ Անհուսալի վարկառուն ծրագրի շնորհիվ կարող է ազատել չվճարված վարկի համար գանձվող տույժ–տուգանքներից և իր աշխատավարձից գանձվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը։
Պարտադիր պայման է, որպեսզի շահառուի ունեցած վարկերի ընդհանուր գումարը չգերազանցի 1 մլն դրամը, անհուսալի վարկերի վաղեմությունը լինի 3 տարուց ոչ պակաս և դիմողը ունենա գրանցված աշխատանք։
Կառավարության հաշվարկով անհուսալի վարկառուների թիվը Հայաստանում գերազանցում է 218 000–ը։ Դիմողների թիվը, սակայն, այս պահին դեռ մեծ չէ. Ստացվել է 14 757 դիմում, հաստատվել` 4 400–ը։
Ծրագրի ներկա փուլն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ամփոփել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։