ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 6,6 մլն դրամ տրամադրել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին հեղեղումների հետևանքով տուժած և տարբեր պատճառներով փոխհատուցում չստացած 19 ընտանիքների:
Որոշման շահառու են Լոռու մարզի 13 և Տավուշի մարզի 6 ընտանիքներ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կան բնակիչներ, որոնք հեղեղումների հետևանքով գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով, հիմնականում՝ տեղեկացված չլինելու և այլ տեխնիկական, օրինակ՝ հանրապետությունում չգտնվելու պատճառներով, չեն օգտվել վնասի փոխհատուցման օժանդակությունից։
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ Լոռիում 13 տնտեսվարողների վնասի չափը կազմել է շուրջ 5 մլն դրամ, իսկ Տավուշի մարզից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նոյեմբերյան համայնքի 6 բնակիչների վնասը գնահատվել է շուրջ 1,6 մլն դրամ։
Կառավարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտու տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցման կարգի շրջանակում աջակցություն են ստացել շուրջ 580 շահառու, փոխհատուցման գումարը կազմել է 158,8 մլն դրամ, որից Լոռու մարզից 273 շահառու ստացել է փոխհատուցում 109,8 մլն դրամ, իսկ Տավուշի մարզից 307 շահառու` շուրջ 49 մլն դրամ։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի հայտարարվեցին։