ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:
Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։
Նշվում է, որ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել քննչական վարչություն:
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Խուզարկությունների հիմքում 2022 թվականի գործ է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում էր նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։
Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ազատ արձակվեց։