Խոսվում է 4–5 ձերբակալվածի մասին․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՅԴ շարքերից ձերբակալվածների մասին

Վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում դաշնակցական տարբեր գործիչների տներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Վերջին տեղեկություններով՝ ՀՅԴ երիտասարդական թևի 4-5 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին ինքն էլ հստակ տեղեկություններ չունի։
Նշենք, որ ձերբակալվածների թվում է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։
Հավելենք, որ ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնել էին, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։ Բացի այդ, բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակի 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խուզարկությունների հիմքում 2022 թվականի գործ է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում էր նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։
Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ազատ արձակվեց։
2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։
Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը ազատ արձակվեց։