Դեպի ԵՄ ճանապարհը սկսվում է Թուրքիայով. Թավադյան

Sputnik
Մեր կառավարությունն այսօր մի բան կարող է հայտարարել, վաղը` մեկ այլ, իրականում լրիվ ուրիշ բան անել. Sputnik Արմենիայի եթերում ասել է «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը` մեկնաբանելով եվրասիական քաղաքական, տնտեսական ու անվտանգային կառույցներին միանալու ՀՀ իշխանությունների ցանկությունը և դրան հակասող քաղաքական քայլերը։
Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ երկրի կարգավիճակը փոխարինելու անդամ երկրի կարգավիճակով։
Փորձագիտական հանրությունն այս հայտարարությանը հակադարձեց հիշեցմամբ, որ միջազգային այդ կազմակերպությանն անդամակցում են նաև ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ, որոնց Հայաստանի վարչապետը մեղադրել էր ոչ վստահելի լինելու և Հայաստանի սահմանամերձ շրջաններ ադրբեջանական ներխուժմանը համարժեք չարձագանքելու համար։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունը նաև ԲՐԻԿՍ–ին անդամակցելու ցանկություն էր հայտնել, ընդ որում, Ադրբեջանի հետ գրեթե միաժամանակ։ Այս հայտը ևս առայժմ մնացել է անպատասխան։
Աղասի Թավադյանի դիտարկմամբ` ՀՀ իշխնությունների վերջին հայտարարություններն ավելի շատ տնտեսական, քան քաղաքական բաղադրիչ ունեն, քանի որ դեպի Եվրամիություն ճանապարհը սկսվում է Թուրքիայով, իսկ ՀՀ հիմնական առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը։