ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, իրավական հարթության մեջ չէ, ամբողջությամբ գծվում, մշակվում և իջեցվում է կառավարության շենքից։ Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով վերջին աղմկահարույց կալանավորումները, քննչական գործողությունները, քրեական հետապնդումները։
Վերոնշյալ դատարանն ավելի քան 4 ժամ քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։ Միջնորդությունը քննում է դատավոր Արտակ Կարապետյանը, որը նաև քննել էր գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ու այն բավարարելու որոշում կայացրել։
Աբրահամյանի խոսքով՝ քաղաքական հիմք ունեցող այս որոշումներում որևէ իրավական հանգուցալուծում հնարավոր չէ ակնկալել։ Արթուր Սարգսյանի հետ կապված գործն էլ ամբողջությամբ սրա շրջանակում է։ Ըստ պատգամավորի` իշխող ուժի ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում, նրանց ելույթներում քաղաքական որոշումը հստակ երևում է, իշխանության ներկայացուցիչներն իրենց հրապարակումներով անգամ արդեն դատավճիռ են հուշել։
«Իշխանությունն արդեն փաթեթավորումն արել է, սցենարը նախապես մտածել է, դատավորի այս կամ այն անձ լինելը որևէ բան չի փոխելու։ Իշխանությունը յուրաքանչյուր իրավիճակի համար ունի կոնկրետ անձինք, որոնք թաթախված են այս թեմայի մեջ և իրենց անելիքը գիտեն»,- ասաց Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչն է պատճառը, որ տարօրինակ կերպով Սարգսյանի գործը քննվում է ոչ թե Աջափնյակի, այլ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում։
«Յուրաքանչյուր գործով ամեն մարդ չէ, որ նախատեսված է այս քաղաքական գործերն անելու համար։ Միգուցե իրենց մոտ տեխնիկական խնդիր է առաջացել այն դատավորի հետ, որը պետք է լիներ Աջափնյակում, դրա համար այստեղ է տեղափոխվել»,- նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հուլիսի 8-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։
Մինչ խորհրդարանը քննում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։
Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։
Հուլիսի 8-ին մեղադրանքներ ներկայացվեցին նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։