ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանական խումբը պատրաստվում է բողոքարկել նրա հանդեպ կալանք կիրառելու` դատարանի որոշումը։ Լրագրողներին այս մասին ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։
Ինչպես հայտնել ենք, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը րոպեներ առաջ բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունն ու Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառեց կալանքը 2 ամսով։
Փաստաբան Սմբատ Մինասյանի խոսքով` մեղադրող կողմը 3 փաստարկ է ներկայացրել՝ թաքնվելու հավանականությունը, նոր հանցանք կատարելը, նախաքննությանը խոչընդոտելը։ Դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ բարձր համարելով նախաքննությանը խոչընդոտելու ռիսկը։
Սարգսյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանն իր հերթին անհիմն ու անհամաչափ որակեց դատարանի որոշումը։
«Մենք դատական նիստի ընթացքում առաջարկել էինք տնային կալանքը որպես խափանման միջոց դիտարկելը՝ համակցված նույնիսկ գրավի հետ։ Ընկալելի չէ դատական ակտը։ Այդ իմաստով այն չի կարող լինել իրավաչափ, համապատասխանել իրավունքի պահանջին։ Պետք է արձանագրել, որ քննչական կոմիտեի և դատախազության դիրքորոշման՝ ռիսկերի տեսանկյունից, որոշակի նահանջ դատարանն ապահովել է, բայց երբ մարդը պետք է 2 ամիս կալանավորված լինի այն պայմաններում, երբ 15 օր եղել է ազատության մեջ, դրսևորել է պատշաճ վարքագիծ, ողջամիտ չէ, համաչափ չէ, իրավաչափ չէ»,- ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հուլիսի 8-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։
Մինչ խորհրդարանը քննում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։
Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։