ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Ինդոնեզիայի տնտեսական հարցերով համակարգող նախարար Աիրլանգա Հարտարտոն տեսակապով հայտարարել են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՏՀ առևտրային բլոկի ներկայացուցիչը:
Նշվում է, որ բացարձակ մեծությամբ մաքսատուրքերի նվազումը կվերաբերի Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ-ի շուրջ 3 մլրդ դոլարի առևտրին:
«Ակնկալում ենք, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կկրկնապատկվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջիկա 3-5 տարիների ընթացքում։ Սպասում ենք, որ դեպի Ինդոնեզիա մատակարարումների զգալի աճ կլինի ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ապրանքների գծով»,- մեկնաբանել է Սլեպնյովը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն արտոնյալ հասանելիություն կստանա դեպի Ինդոնեզիայի շուկա այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են պոլիմերները, պարարտանյութերը, էներգակիրները, խողովակները, մետաղները և գունավոր մետաղներից արտադրանքները, էլեկտրական և մեխանիկական սարքավորումների լայն անվանացանկը և այլն: Խոսքը նաև ցորենի, ալյուրի, կաթի փոշու, հրուշակեղենի, խոշոր եղջերավոր կենդանիների մսի, թռչնամսի մատակարարման մասին է։
ԵՏՀ-ում հստակեցրել են, որ համաձայնագիրը դեռ պետք է անցնի դրա ստորագրմանը նախորդող ներպետական համաձայնեցման համապատասխան ընթացակարգերը: