ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Առաջիկայում Հայաստանում սպասվում է կիբեռանվտանգության մասին օրենքի ընդունում, որը նոր նորմատիվներ կսահմանի պետական կառույցների և տնտեսության համակարգաստեղծ ճյուղերի համար: Այս մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պետական հատվածի և մասնավոր ընկերությունների աշխատակիցների համար կիբեռանվտանգության հաքաթոնի բացման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների և ենթակառուցվածքների արդյունավետ պաշտպանության համար որակյալ կադրեր են անհրաժեշտ: Հաքաթոնն այդ ուղղությամբ քայլերից մեկն է։ Արտասահմանյան փորձագետների ղեկավարությամբ տարբեր հաստատություններից մասնակիցները գործնական առաջադրանքներ կկատարեն պայմանական կիբեռհարձակումները հետ մղելու համար:
Ապագա օրենքը, ինչպես նշել է Հայրապետյանը, պետք է սահմանի «խաղի կանոնները» ինչպես ՏՏ-անվտանգության ոլորտի մասնագետների, այնպես էլ պետական և մասնավոր կազմակերպությունների համար, որոնք պարտավոր կլինեն ներգրավել նրանց: Նախարարն ընդգծել է օրենքի ընդունման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:
«Մենք պետք է պասիվ մոտեցումից, որի դեպքում վերացնում ենք կիբեռհարձակումների հետևանքները, անցնենք պրոակտիվ մոտեցման՝ վերապատրաստենք մասնագետներին և կանխենք պոտենցիալ սպառնալիքները»,-նշել է նա:
«Կիբեռանվտանգության մասին» օրինագիծը ավելի լայն օրենսդրական նախաձեռնության մաս է կազմում, որը ներառում է անձնական տվյալների պաշտպանության և պետական միասնական ռեեստրի ստեղծման նախագծեր: