ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ 10 Patriot զենիթային հրթիռներ ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր ԱՄՆ-ից Ուկրաինա զինամթերքի և սպառազինության մատակարարումների դադարեցման մասին՝ ամերիկյան պաշարների սպառման պատճառով: Սակայն Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինային՝ ընդգծելով, որ խոսքն առաջին հերթին պաշտպանական միջոցների մասին է:
«Դա (տասը հրթիռը- խմբ.) ավելի քիչ է, քան նախատեսված էր սառեցված մատակարարումներում, Թրամփը նաև խոստացել է օգնել մատակարարման այլ տարբերակներ գտնել»,-հայտնել են աղբյուրները:
Աղբյուրները նաև նշել են, որ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան առաջարկել է Ուկրաինային վաճառել իր Patriot մարտկոցներից մեկը: Համաձայնությունը դեռ ձեռք չի բերվել, բանակցությունները շարունակվում են։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ որքան քիչ զենք է մատակարարվում Ուկրաինային, այնքան մոտ է հատուկ ռազմական գործողության ավարտը: Նա հավելել էր նաև, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Թրամփի ջանքերը Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցային գործընթաց նախաձեռնելու ուղղությամբ, սակայն Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խաղաղ կարգավորմանը նպաստելու փորձերի հունում չեն տեղավորվում: Այդ մատակարարումները շարունակվում են եվրոպական երկրների մասնակցությամբ։