ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հինգ ամսվա ընթացքում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 10%-ով։
Նշվում է, որ Ռուսաստանում կատարված հանցագործությունների ընդհանուր թվում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների մասնաբաժինը 4.3%-ից աճել է մինչև 5%։ Գերատեսչությունից ընդգծել են, որ միգրանտների կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 57%-ով։
2025 թվականի հունվարին հրաման է ստորագրվել, որով խստացվում են միգրանտների կեցության պահանջները, այդ թվում` միգրացիոն ռեժիմի պահպանումն ու փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ են մտել առանց վիզայի ռեժիմի շրջանակում օտարերկրացիների համար ՌԴ մուտք գործելու նոր կանոնները։ Ըստ այդ կանոնների` օտարերկրացիները ՌԴ մուտք գործելուց առաջ պետք է Միասնական նույնականացման համակարգում գրանցման ընթացակարգ անցնեն։ Սա նշանակում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ մուտքի դիմում ներկայացնեն «ruID» բջջային հավելվածի միջոցով: Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ:
Մոսկվայի համար առաջնահերթ խնդիրներից մեկը միգրացիոն հոսքերի օրինականացումն է և օտարերկրյա քաղաքացիների շրջանում խախտումների թվի կրճատումը: