ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել գազային-էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանին խոցել են գազային-էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 133 շրջաններում»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ «Դնեպր» զորախմբավորման ստորաբաժանումները խոցել են երկու մեքենայացված, լեռնային-գրոհային բրիգադների, Ուկրաինայի ԶՈւ-ի առափնյա պաշտպանության երկու բրիգադների և տարածքային պաշտպանության երկու բրիգադների կազմավորումները Զապորոժիեի մարզի Օրեխով, Նովոանդրեևկա, Կամենսկոյե, Նովոդանիլովկա, Խերսոնի մարզի Սադովոյե և Անտոնովկա բնակավայրերի շրջաններում:
Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է չորս կառավարվող ավիացիոն ռումբ, ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկ և 202 ինքնաթիռային տիպի ԱԹՍ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։