ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի, Sputnik - Խաչիկ Չախմոյան. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Նոան» 1։0 հաշվով հաղթանակի հասավ Մոնտենեգրոյի «Բուդուչնոստի» նկատմամբ՝ հյուրընկալելով մրցակցին Աբովյանում։
Անկեղծ ասած, «Նոայից» ավելին էինք սպասում։ Հանդիպման սկզբնամասում մեր թիմը զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, ու թվում էր թե ուր որ է գնդակը կհայտնվի հյուրերի դարպասում։ Բայց Մոնտենեգրոյի չեմպիոնը մեծ ուժերով պաշտպանվելով, հասավ իր նպատակին։ Խաղի տեմպը ընկավ, ու հանդիպումն արդեն ընթանում էր «Բուդուչնոստին» ավելի ձեռնտում սցենարով։ Մինչև ընդմիջում այդեպես էլ հյուրերի դարպասին ռեալ գոլային պահ ստեղծել «Նոային» չհաջողվեց։
Երկրորդ խաղակեսում այնպես չէ, որ «Նոան» զգալի առավելություն ուներ։ Ճիշտ է, համեմատաբար ավելի վտանգավոր էր գործում, ու մի քանի դրվագներում պարզապես գրոհի եզրափակումը ցանկալի մակարդակի վրա չէր, բայց միևնույնն է, գոլային իրական պահերը հյուրերի դարպասի մոտ բացակայում էին։
Մրցակցի զանգվածային պաշտպանության պայմաններում շատ կարևոր էին դառնում միջին կամ հեռու տարածություններից հարվածները։ «Նոան» հաճախ չէր դիմում այդ հարվածներին, բայց Ուլադ Օմարի հարվածելու որոշումը հաջողություն բերեց մեր թիմին։ Փոխարինման դուրս գալուց 13 րոպե անց «Նոայի» նիդեռլանդացի ֆուտբոլիստը բացեց խաղի հաշիվը։ Ավելացնել առավելությունը մեր թիմին չհաջողվեց։
Պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթ անց՝ հուլիսի 15-ին, Պոդգորիցայում։