Արծվիկ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Արծվիկ Մինասյանի խոսքով` միջազգային դատարաններ էլ են դիմելու, բոլորը ներողություն են խնդրելու, դատախազի գլխավորությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին նա հայտնեց լրագրողներին ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինասյանը ՔԿ է հրավիրվել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վարույթի շրջանակում։
«Սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, բոլորը ներողություն են խնդրելու, դատախազի գլխավորությամբ։ Իմ նկատմամբ խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Հրաժարվել եմ ցուցմունք տալուց։ Չեմ ընդունել մեղադրանքը»,–ասաց նա։
Հիշեցնենք` հուլիսի 7–ին Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելու համար կողմ քվեարկեց 59, դեմ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։