ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել է խոշոր չափի թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։
«Ծառայողները, խուզարկության ենթարկելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ քաշով դեղնականաչավուն առանձնացված զանգվածներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հ․Հ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։