Քաղաքապետարանի և Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաների քրգործի նյութերն ուղարկվել են դատարան

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաների քրգործի նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան, հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, 2024 թվականի հուլիսին և դեկտեմբերին նրանից ստացել են ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք:
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պետը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության համար, խանութի սեփականատիրոջից ստացել է կաշառք:
Նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանքներ են ներկայացվել քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձանց, կաշառք ստանալու համար՝ 1 պաշտոնյայի, կաշառք տալու համար՝ մեկ անձի։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: