ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի- Sputnik. Շառլ Ազնավուրի արձանը կբացվի հուլիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Երևանի կենտրոնում։ Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Մնացել են վերջին շտրիխները, աշխատանքն ավարտման փուլում է։ Քանդակը ձուլվում է Գյումրիում, այս շաբաթ այն կտեղափոխեն Երևան», - ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին: Քանդակը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում՝ նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժի հուշարձանի փոխարեն։
Բաստիեն-Լեպաժի բրոնզե արձանը կտեղափոխեն մայթին մոտ։ Քանդակը Հայաստանին է նվիրաբերվել անկախության 20-ամյակի առթիվ 2011 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երևան կատարած այցի ժամանակ: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 7-ին։