Երևանում թիվ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակը բավարար է. նախարարություն

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Երևանի Գայի պողոտայի սկզբնամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանում ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Տուժածներից մեկը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել ԲԿ-ից, երկուսը դուրս կգրվեն առաջիկայում»,–հայտնեց նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել էր բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի պատճառների մասին դեռևս պաշտոննական հաղորդագրություն չկա։
Հավելենք, որ նշված երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս հատվածը։