ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին հասցված նոր հարվածի մասին:
«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերը Լոդ (Բեն Գուրիոն– խմբ.) օդանավակայանի ոչնչացման ռազմական գործողություն են իրականացրել «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի օգտագործմամբ»,-հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան իր Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ հարձակումը հաջող է անցել և հասել է նպատակին, օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը
Եմենի զինված ուժերը նախազգուշացրել են, որ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի դեմ ագրեսիան չի դադարել:
Մայիսի 6-ին հայտնի էր դարձել, որ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական շարժումը և ԱՄՆ-ն Օմանի Սուլթանության միջնորդությամբ պայմանավորվել են կրակի և միմյանց վրա ցանկացած հարձակման դադարեցման մասին:
Մայիսի 7-ին «Անսար Ալլա» շարժումը հայտարարել էր, որ չի խոչընդոտի օտարերկրյա նավերի անցմանը Կարմիր և Արաբական ծովերով, բացառությամբ Իսրայելի հետ կապվածների և իսրայելական նավահանգիստներ ուղղվող նավերի։