Միրզոյանի հայտարարագիրը չի հիմնավորում՝ որտեղի՞ց 112մլն դրամ առանձնատան համար․ «Ժողովուրդ»

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը . Արխիվային լուսանկար
Թերթը հիշեցնում է, որ նախկինում ապառիկով հեռուստացույց գնելու հայտից մերժված Միրզոյանը, ստանալով տարեկան 24 մլն դրամ եկամուտ, ձեռք է բերել թանկարժեք առանձնատուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նաիրի համայնքում (Եղվարդ) ձեռք է բերել 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն հայտարարագրում չբացահայտված միջոցներով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Նա 2024 թվականի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք` 1 բնակարան բազմաբնակարան շենքում (գնված 2018թ․) և 1 անհատական շքեղ բնակելի տուն։
Նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար դոլար։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 3 մլն 18 հազարը եկամտահարկի վերադարձ է։
«Հետաքրքիր հանգամանքն այն է, որ նախկինում ապառիկով հեռուստացույց գնելու հայտից մերժված Միրզոյանը, որն այժմ ստանում է 24 մլն տարեկան եկամուտ, 2022 թվականին գնել է 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն։ Թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է։ Եթե հաշվի առնենք, որ 2021-ին նա վաճառել է 34 մլն արժողությամբ բնակարան, միևնույնն է` 112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է»,- գրում է թերթը։
Նշվում է, որ անգամ վարկային միջոցները, եթե որպես բացատրություն ներկայացվեն, ապա հիփոթեքը «բնակարանի» համար է ձևակերպված, իսկ գնվածն «առանձնատուն» է Երևանին հարակից համայնքում։
Թերթը գրում է նաև, որ նախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 643 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Սա նշանակում է, որ առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով։