ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ․ այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Սահմանադրության օրվա առիթով տարածած շնորհավորական ուղերձում։
«Սահմանադրությունը կարող է ուժեղ լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակ է երկրի քաղաքական մշակույթի, հասարակական կենսագործունեության, պատմական հիշողության, ավանդույթների ու ժողովրդական մտածողության հետ։ Օրենքների և նորմերի ամենախորքային արժեքը սկսում է կենսունակ դառնալ միայն այն ժամանակ, երբ դրանք կրում են հասարակության իրական պատկերացումները արժանապատիվ և ազատ կյանքի մասին»,- նշված է նախագահի ուղերձում։
Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրությունը բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների միջով է անցել, սակայն այս ընթացքն ամրապնդել էմի կարևոր իրողություն՝ լավ կամ վատ Սահմանադրություններ չեն լինում, այլ լինում են Սահմանադրություններ, որոնք կամ հարգվում ու պահպանվում են, կամ՝ ոտնահարվում։
Նախագահի համոզմամբ՝ ՀՀ Սահմանադրության իրական ուժն ամրագրված է նրա անփոփոխ հոդվածներում, որոնք հստակ արտահայտում են մեր հանրային համախոհությունն այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ՝ անկախ, ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն:
Նշենք, որ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվել է նաև տեսանյութ, որում երևում է՝ Սահմանադրության 30-ամյակի առիթով պետական միջոցառում է կազմակերպվել։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ պատգամավորներ, պետական բարձրաստիճան այլ այրեր։
Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդում է Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան: