Անկախության հռչակագրից հրաժարվելով, մենք վերջ ենք դնում մեր համահայկական բոլոր երազանքներին.Այվազյան

Sputnik
«Առանց Անկախության հռչակագրին հղում անելու Հայաստանի Սահմանադրություն լինել չի կարող»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը` խոսելով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին։
«Արցախի խնդիրը և մեր մնացած կարևոր հարցերը ածանցվում են Անկախության հռչակագրի հիմնարար դրույքներից, հետևաբար Անկախության հռչակագրից հրաժարվելով, մենք վերջ ենք դնում մեր պահանջատիրության, համահայկական պետության և համահայկական բոլոր երազանքներին»,-նշել է Այվազյանը։
Ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում են Հայաստանի մայր օրենքը` Սահմանադրությունը փոխելու մասին։ Ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է հանել Անկախության հռչակագրին հղումը, ինչը նաև Ադրբեջանի պահանջն է, քանի որ որակվում է իբրև Արցախի նկատմամբ ռևանշիստական դրսևորում։
Արադատության նախարար Սրբուհի Գալյանը կառավարության նախորդ նիստից հետո լրագրողներին ասել էր, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը նախատեսված է անցկացնել երկու շաբաթից։
Իսկ Սահմանադրության նոր տեքստը, նրա խոսքով, կարող է պատրաստ լինել 10 ամսվա ընթացքում, թեև հստակ ժամկետները կախված են քննարկումների ընթացքից։
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին վերաբերող փոփոխությանը, նախարարը նշել է, որ այդ հարցը նույնպես պետք է քննարկման առարկա դառնա։