Պրահայում էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ անջատումներ են տեղի ունեցել

Պատճառը կարող է լինել ենթակայանի մասերից մեկի անսարքությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Այսօր Պրահայի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել. դադարել է քաղաքային մետրոպոլիտենի աշխատանքը, կանգնեել տրամվայների ու տրոլեյբուսների երթևեկությունը, մարդիկ մնացել են վերելակներում, հայտնել է Novinky պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը և հրշեջ ծառայությանը։
«Էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել Պրահայի տարբեր հատվածներում, ինչպես կենտրոնում, մասնավորապես՝ Վացլավի հրապարակում, այնպես էլ քաղաքի ծայրամասերում։ Չի աշխատում հասարակական տրանսպորտը. մետրոն, տրամվայները, տրոլեյբուսները, բանկոմատներն անջատված են, բազմաթիվ մարդիկ են մնացել վերելակներում, նրանց օգնության են շտապում հրշեջները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես Չեխիայի լրատվական գործակալությանը հայտնել է Pražská energetika (PRE) ընկերությունը, Չեխիայի մայրաքաղաքի շատ հատվածներում էլեկտրաէներգիայի անջատման պատճառը քաղաքի հարավում գտնվող Խոդով շրջան ČEPS ենթակայանում տեղի ունեցած վթարն է։ Էներգետիկ ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մասնագետներն այժմ աշխատում են վերանորոգման վրա, բայց դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ այն կպահանջի։
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել նաև հանրապետության մի շարք այլ քաղաքներում, մասնավորապես՝ Լիբերեց (երկրի հյուսիսում), Ուստի Նադ Լաբ (երկրի արևմուտքում), Գրադեց Կրալովե (երկրի արևելքում) երկրամասային կենտրոններում։
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ հետաքննում են վթարի պատճառները։ Կենտրոնական ճգնաժամային շտաբը պատրաստության ռեժիմում է գտնվում։