ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները լքել են Իրանը

Մասնագետները Թեհրանում էին «վերջին զինված հակամարտության ժամանակ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ կազմակերպության տեսուչների թիմը հուլիսի 4-ին լքել է Իրանը և վերադառնում է Վիեննա։
«Տեսուչների թիմն այսօր անվտանգ լքել է Իրանը և վերադառնում է Վիեննայի գլխամասային գրասենյակ»,- ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մասնագետները Թեհրանում էին «վերջին զինված հակամարտության ժամանակ»։ Կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին ընդգծել է Իրանի հետ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ստուգումները վերսկսելու համար։
Իրանի խորհրդարանն ավելի վաղ հաստատել էր օրինագիծ ՄԱԳԱՏԷ–ի հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու մասին «այնքան ժամանակ, մինչև Իրանի միջուկային օբյեկտների և միջուկային գիտնականների անվտանգությունը չապահովվի»։
Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ–ն չի կատարել համագործակցության մասին համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները։
Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հունիսի 26-ին հաստատեց ՄԱԳԱՏԷ–ի հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։