ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրական պատասխան է փոխանցել Իսրայելի հետ հրադադարի մասին միջնորդների առաջարկին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական Ynet լրատվական պորտալը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ շարժման որոշման մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։
Ավելի վաղ արմատականներն իրենց տելեգրամյան ալիքում հայտնել են, որ շարժումն ուսումնասիրում է Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում միջնորդներից իրեն ստացված առաջարկները: ՀԱՄԱՍ-ը չի հայտնել, թե կոնկրետ ինչ են պարունակում քննարկվող նախաձեռնությունները։ Ընդ որում, զինյալները պնդում են, որ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի «Գազայում հրադադարի երաշխիքներ, այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերում և մարդասիրական օգնության տեղափոխում անկլավ»:
Հուլիսի 3-ին արմատականներին մոտ Maan գործակալությունը տեղեկացրել է, որ Գազայի վերաբերյալ նոր առաջարկը նախատեսում է 60 օրով զինադադար, 10 պատանդների ազատ արձակում, 18 զոհված պատանդների մարմինների փոխանցում իսրայելական կողմին և իսրայելական բանակի ջոկատների հեռացում շրջափակված անկլավի հարավային՝ Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների միջև գտնվող «Մորագ» գծից այն կողմ: