Հայաստանում ռոբոտաշինության և կիրառական գիտության հաքաթոններ կանցկացվեն

Այսօր և վաղը կանցկացվի հաքաթոն ՏՏ տարբեր ուղղություններով, մեկ ամիս անց՝ կիբեռանվտանգության, ևս մի քանի ամիս անց՝ ռոբոտաշինության և կիրառական գիտության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Հայաստանում նախատեսվում է հաքաթոններ (անգլ.՝ hackathon, hack (հաքեր) և marathon (մարաթոն) բառերից), ծրագրավորողների համաժողով, որի ընթացքում ծրագրային ապահովման տարբեր ոլորտների փորձագետներ համատեղ աշխատում են որևէ խնդրի լուծման ուղղությամբ – խմբ.) անցկացնել ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև ռոբոտաշինության և կիրառական գիտության ուղղություններով: Այս մասին հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը՝ բացելով հաքաթոնը և Vanadzor Tech Week ցուցահանդեսը, որն անցկացվում է Վանաձորում հուլիսի 4-6-ը։
Ռուբեն Սիմոնյան
Նրա խոսքով՝ ընթացիկ միջոցառումը կազմակերպվում է առանց թեմատիկ սահմանափակումների և ուղղված է ՏՏ թիմերին:
Հաջորդ ամսվա ընթացքում նախատեսվում են նոր միջոցառումներ, որոնցից մեկը նվիրված կլինի կիբեռանվտանգության ոլորտի մշակումներին: Այնուհետև (Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) հետ համագործակցությամբ) կանցկացվեն ռոբոտաշինության և կիրառական գիտական մշակումների հաքաթոններ:
«Ընթացիկ հաքաթոնը կտևի 48 ժամ։ Սկսնակ մասնագետների մի քանի տասնյակ թիմեր կկարողանան ստուգել ոչ միայն իրենց գիտելիքները, այլև թիմային աշխատանքի հմտությունները», - նշեց Սիմոնյանը։
Միջոցառման կազմակերպիչներն են UATE-ը, TCF ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Zealous» ՏՏ ընկերությունը: