ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ առողջական խնդրի պատճառով իմ հարգելի բացակայության պայմաններում։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա մեջբերել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի, եթե Ազգային ժողովի այն պատգամավորն, ում վերաբերյալ ներկայացված է միջնորդություն քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու մասին, նիստին անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության։ Ըննդիմադիր խմակցության քարտուղարը պնդել է` ներկայացրել է բացակայության հարգելի լինելը հիմնավրող փաստաթղթերը։
«Հուլիսի 1-ին ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, և այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է բուժհաստատության տեղեկանքը։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ և իմ գործընկերների դեմ՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ ուղղված ծանրագույն սպառնալիքներից և ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցված՝ շարունակել հետևողականորեն չեզոքացնել բոլոր այն քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին, հոգևորականներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի և նրա հոգևոր արժեքների լինելիության»,– ասել է Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությունը։ Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման համար։ Նա նիստին ներկա չէ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ընդգծել է, որ մինչ քննարկման սկսելը Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ չի ստացել, ուստի չի կարող նրա բացակայությունը հարգելի համարել։
Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։
Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնք 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10,526 քառակուսի մետր տարածքը զավթվել և 2010-2015թթ․ առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն։ 2016թ․ դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (նախագահ՝ Արծվիկ Մինասյան, որը զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը) անցկացրած մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևանի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը (ըստ մեղադրանքի՝ վերջինս Օհանյանի վարորդ Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին է)։
Նրան նշված հողամասը տրամադրվել է վարձակալության և կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250 միլիոն դրամ ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար։ Դատախազի խոսքով՝ Բենիամին Ղալեչյանը (որն, ըստ դատախազի, զբաղվում է սանտեխնիկական աշխատանքների որոշմամբ) մրցույթին մասնակցելիս թաքցրել է այն փաստը, որ նշված հողատարածքում արդեն շինություններ կան․ խոսքը վերաբերում է կառուցված առանձնատանը։
Դատախազի միջնորդությամբ՝ Սեյրանի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելու 2003թ․ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 314․3 հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) 2-րդ մասով։