ԱԺ–ն քննարկում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. Արխիվային լուսանկար
Ընդդիմադիր երկու` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս քննարկմանը վերադարձան ԱԺ դահլիճ և մասնակցում են միջնորդության ներկայացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում սկսեց քննարկել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությունը;
Ընդդիմադիր երկու` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս քննարկմանը վերադարձան ԱԺ դահլիճ և մասնակցում են միջնորդության ներկայացմանը։
Գլխավոր դատախազը նշեց, որ Մինասյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վարույթները փոխկապակցված են։
Ներկայացնելով քրեական վարույթը` Վարդապետյանը նշեց, որ Արծվիկ Մինասյանը, 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն` բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է։
«Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը 2010–2015 թթ. ընթացքում ապօրինի զավթել, առանց օրինական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի տարածքում գտնվող 10 526 քառ. մետր մակերեսով հողատարածքը։ Նա տեղեկացված է եղել, որ Օհանյանն այդ հողատարածքում ինքնական կառուցում է շինություններ։ Մինասյանը տեղյակ է եղել, որ այս խախտումները չեն արձանագրվել, սակայն միջոցներ չի ձեռնարկել այդ իրավախախտումները վերացնելու ուղղությամբ, ընդհակառակը` միջոցներ է ձեռնարկել այդ գույքին օրինական տեսք տալու և կառուցապատման իրավունքի տրամադրման համար։ Մինասյանը նաև կեղծ փաստաթղթեր է կազմել»,– հայտարարեց Վարդապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Նշենք, որ այսօր արտահերթ նիստի օրակարգում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը։