ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի խաղաղ բանակցությունների ընթացքին, սպասում է «Ադրբեջանի օրինական պահանջները բավարարող» համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համերաշխությունն օրինակելի է, և որ կարևոր է ընդլայնել և պահպանել երկու երկրների միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությանը: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղ բանակցությունների ընթացքին, և որ սպասում է Ադրբեջանի օրինական պահանջները բավարարող համաձայնագրի ստորագրմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Middle East Eye (MEE) պարբերականը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին: