Վարորդական իրավունքը կթվայնացվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտի, այլև՝ թվային տարբերակով։
62 կողմ, դեմ՝0, ձեռնպահ՝ 25
ԱԺ-ն այսօր 62 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներով ընդունեց փոփոխությունների փաթեթը։
Այն ենթադրում է, որ եթե վարորդն իր մոտ պլաստիկ քարտ չունենա, դա տուգանք չի առաջացնի։
Մեքենայի հաշվառման և վարորդական վկայականների թվայնացումը հնարավորություն է տալիս ֆիզիկական, պլաստիկ քարտին զուգահեռ ունենալ նաև էլեկտրոնային, թվային տարբերակով վկայական, որը ՀՀ տարածքում իրավաչափ կհամարվի։
Պարեկները տեխնիկապես կարող են անձի դեմքի նույնականացմամբ թվային հարթակում` պլանշետներում տեսնել նրա վարորդական ամբողջ կենսագրությունը։
Նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։
Օրենսդրական այս կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։