ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհների հետևանքով տղամարդ է մահացել։ Նա այս ամռան հրդեհների առաջին զոհն է, հաղորդում է AHaber հեռուստաալիքը:
«Հրշեջները կարողացել են մարել հրդեհը Իզմիր նահանգի Մանաստիր գյուղում, որտեղ կրակը տարածվել է մի քանի տների վրա։ Դրանից հետո հրշեջները այրված տներից մեկում հայտնաբերել են 80-ամյա Իբրահիմ Էրքանի դին, որն անկողնային հիվանդ էր», - հայտնել է հեռուստաալիքը։
Հզոր անտառային հրդեհն ընդգրկել է Էգեյան ծովի Չեշմե առողջարանային շրջանը։ Կրակը մոտեցել է տներին, երեք գյուղերի բնակիչներ արդեն տարհանվել են:
Հրդեհի պատճառով փակվել է Իզմիր-Չեշմե ավտոմայրուղին, սոցցանցերում հրապարակվում են այրվող ճանապարհի տեսանյութեր:
Բացի այդ, հուլիսի 2-ին անտառային հրդեհ է բռնկվել Անթալիա քաղաքի սահմաններում՝ Էրմենեկ շրջանում։
Անտառային լայնածավալ հրդեհների պատճառով Թուրքիայի երեք նահանգներում ավելի քան 50 հազար քաղաքացի է տարհանվել: