Թեթև ավտովթարների դեպքում երթևեկելի հատվածը պետք է ազատել 20 րոպեում․ ԱԺ-ն օրենք ընդունեց

Օրենքի պահանջը խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն 30 հազար ՀՀ դրամի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Թեթև ավտովթարների դեպքում ճանապարհի երթևեկելի հատվածը պետք է ազատել 20 րոպեում։ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 63 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներով ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը։ Փաթեթի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
Առաջարկվող փոփոխությամբ՝ միայն երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի դեպքում, եթե կողմերը փոխադարձ համաձայնության են եկել մեղավորության վերաբերյալ, ապա պատահարի պահից առավելագույնը 20 րոպեի ընթացքում վարորդները պարտավոր են տեղափոխել մեքենաները օրենքով չարգելված այլ վայր և ազատել երթևեկելի հատվածը։ Պարտավորությունն այն դեպքում է, եթե պատահարի հետևանքով ավտոմեքենան չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը։
Եթե վարորդները խախտեն այս պահանջը՝ չազատելով երթևեկելի հատվածը 20 րոպեի ընթացքում, նրանք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար ՀՀ դրամ -խմբ․)։
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ պատահարի հետևանքով հասցված գույքային վնասը չի գերազանցում սահմանված 400 հազար դրամի շեմը։ Այս դեպքում կողմերը «Ավտոապահովագրական մեկ պատուհան» հավելվածում (ASWA համակարգ) լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը։
Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը սահմանված ժամկետը կլինի 20 րոպե, այնուհետև համակարգի լավարկումից հետո ժամանակը կարող է կրճատվել և հասցվել առավելագույնը 5-10 րոպեի։