ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը երկարատև դադարից հետո կկայանա երկու շաբաթից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկումներ տեղի ունենա, երբ ունենանք որոշումները` խորհրդի համաձայնության տեքստով , արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,- նշեց նա։
Նա ևս մեկ անգամ հստակեցեց, որ Սահմանադրության նոր տեքստը կարող է պատրաստ լինել 10 ամսվա ընթացքում, սակայն ժամկետները կախված են քննարկումներից։ Գալյանը քննարկումներից հետո Մայր օրենքի տեքստի բազմաթիվ փոփոխությունները չի բացառել։
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրի փոփոխությանը, Սրբուհի Գալյանը նշեց, որ այդ հարցը նույնպես պետք է քննարկման առարկա դառնա։
2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդումէ Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան: