ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց համաձայնել է թմրամիջոց վաճառել դատապարտյալին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Նշվում է, որ ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց, ծառայողական լիազորություններն օգտագործելով, թմրամիջոց իրացնել:
Համաձայնելով առաջարկին՝ պաշտոնատար անձը մայիսի 24-ին ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և հաջորդ փորձել է այն ՔԿՀ տեղափոխել՝ հագուստի մեջ թաքցրած: Սակայն պաշտոնատար անձը չի կարողացել մուտք գործել ՔԿՀ տարածք, քանի որ մինչ այդ ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցը:
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Դատապարտյալին ևս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի կաշառք տալու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի համար։
Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: