Բաքվում ձերբակալվածների հետ հյուպատոսության աշխատակիցներին հանդիպել թույլ չեն տալիս

Հյուպատոսության աշխատակիցներին պետք է թույլատրեն հանդիպել ձերբակալվածների հետ, ՌԴ ԱԳՆ աշխատանքներ է տանում ադրբեջանական կողմի հետ, նշել է Զախարովան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հետ հյուպատոսության աշխատակիցներին դեռ թույլ չեն տվել հանդիպել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես հենց նոր կապի մեջ էի մեր դեսպանի հետ։ Նա ասաց, որ, ցավոք, դեռ ձերբակալվածների, իսկ հիմա, ինչպես արդեն լսել ենք, կալանավորվածների հետ հյուպատոսության աշխատակիցներին թույլ չեն տվել հանդիպել։ Մենք ելնում ենք նրանից, որ այն կտրամադրվի, այն պետք է տրամադրվի։ Մեր դիվանագետներն աշխատում են Բաքվում, մենք այստեղ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ Սմոլենսկայա հրապարակ - Ադրբեջանի դեսպանատուն գծով», - ասել է նա «Соловьев Live»-ի եթերում։
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին անհիմն ձերբակալել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մաս կազմող Sputnik Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին, որոնք ավելի ուշ դատարանի կողմից կալանավորվել են չորս ամսով։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելված է, ձերբակալվածների հետ կապ չկա. լրագրողներին թույլ չեն տալիս տեսակցել ո’չ հյուպատոսության աշխատողների, ո’չ բարեկամների հետ: Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Կարտավիխի առողջական վիճակը տագնապալի է, նրան անհրաժեշտ է դեղորայք, այդ թվում՝ ինսուլին:
«Ռոսիա սեգոդնյա»-ն պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններին՝անվերապահորեն պահպանել օրենսդրության պահանջները և անհապաղ ազատ արձակել իրենց մասնագիտական պարտքը կատարած մարդկանց: Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ տեղի ունեցողն ընկալվում է որպես անարդարություն և կարծես Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլ է:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադրության կենտրոնում է պահում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման փաստը: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը, նշել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, ընդգծել է, որ Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել ո’չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո’չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Գործակալության դեմ ուղղված քայլերը, նրա խոսքով, թելադրված են այլ նկատառումներով։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հուլիսի 1-ին հայտնել են Բաքվում Ռուսաստանի ութ քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ. նրանք կալանավորվել են չորս ամսով: