Իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանն ուղղված Ազգային ժողովի` առաջին ընթերցմամբ ընդունած օրենսդրական նախագծերի քննարկումը խորհրդարանում կշարունակվի այսօր։
Լրագրողի դիտարկմանը, թե նախագիծը կառավարման հարց է լուծում, ՀԷՑ-ը պետականացնելը նո՞ր նախաձեռնությամբ է իրականացվելու, «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը պատասխանել է, որ այո՛, նոր նախաձեռնություն է անհրաժեշտ։
Ճշտող հարցին` թե նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ՀԷՑ-ը շարունակելո՞ւ է մնալ սեփականատիրոջը, պարզապես Կառավարությո՞ւնն է կառավարման լծակներ ձեռք բերում, Վահագն Ալեքսանյանը պատասխանել է, որ այո՛, այս փոփոխությունները նման հնարավորություն են տալիս»:
Վերլուծելով Ազգային ժողովում քննարկվող՝ ՀԵՑ-ի պետականացմանն առնչվող օրենսդրական նախագծերը, ՊԵԿ-ի նախկին նախագահ Դավիթ Անանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ իրավաբանները պետք է պարզաբանումներ տան իշխանությունների ներկայացրած օրենսդրական փոփոխությունների հնարավոր հակասահմանադրականության մասին։