Ռուսաստանը Բաքվին չի սպառնում, իսկ Կիևը լարվածություն է հրահրելու. Պեսկով

Ռուսաստանը պաշտպանելու է Ադրբեջանում ձերբակալված իր քաղաքացիների շահերը, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Մոսկվան տեսնում է` Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները խախտելու և լարվածություն հրահրելու Կիևի փորձերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հաղորդումներն այն մասին, որ Զելենսկին զանգահարել է Ալիևին և աջակցություն է հայտնել Բաքվին։
Հուլիսի 1-ին՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և աջակցություն է հայտնել նրան։
«Կիևն անելու է ամեն բան՝ կրակին յուղ լցնելու, ադրբեջանական կողմին հուզական գործողությունների դրդելու, էմոցիոնալ գործողությունները շարունակելու համար։ Դա շատ հեշտ է կանխատեսել», – այդ կապակցությամբ ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան չի սպառնացել և չի սպառնում Բաքվին։
«Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին։ Իրադարձությունների սկզբնապատճառը քննչական գործողություններն էին ու ՌԴ տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները», – ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
Խոսելով ՌԴ քաղաքացիների ձերբակալման կադրերի մասին՝ նա ընդգծել է, որ Մոսկվան պաշտպանելու է իր քաղաքացիների շահերը։
«Մենք տեսել ենք բոլոր կադրերը, ուշադրություն ենք դարձրել բոլոր մանրամասներին։ Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքացիների օրինական շահերը դիվանագիտական ​​​​ուղիներով, և դրա համար գործի կդնենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն այժմ մշտական ​​​​կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ։ Նրանք զբաղվում են խնդրահարույց թվացող հարցերով, հավելել է Պուտինի մամուլի քարտուղարը։