Օտարերկրյա քաղաքացին 10 կգ թմրամիջոց է տեղափոխել ՀՀ. 2 անձ կալանավորվել է

Նախաձեռնված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Օտարերկրյա քաղաքացին իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի՝ 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և տեղափոխել ՀՀ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ օտարերկրյա մեկ այլ քաղաքացի տեղեկանալով 10 կգ թմրամիջոցի գտնվելու վայրի վերաբերյալ, ապօրինի ձեռք է բերել այն, սակայն ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների ջանքերով հանցագործությունը չի իրագործվել, քաղաքացին ձերբակալվել է:
Է.Ն.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը) և Ն.Ա.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):
Է.Ն.-ի և Ն.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։